Մեծաքանակ փող է ծախսվում հյուսիսային հարևանի՝ ՌԴ կողմից, ՀՀ-ի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ․ Սիմոնյան

ՀՀ-ի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես հասկանում եմ՝ մեծաքանակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես, հյուսիսային մեր հարևանի՝ ՌԴ կողմից։

Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ, օրինակ, ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, հաճախ հեռու-հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով, փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել, և դա, ասեմ, զգուշացնեմ՝ 2026թ․ ավելի է ակտիվանալու։

Եւ չեմ վախենում բարձրաձայնելուց՝ դա հակառակ ազդեցությունն է ունենալու, և ձեր ասած X վարկանիշը, որ ունի իշխանությունը, կրկնապատկելու է»։

Հեղաշրջման վտանգի մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Ես որևէ մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև վստահում եմ ՀՀ ժողովրդին»։ 2020թ. պատերազմի օրվանից սկսած՝ իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից ու կողմերից եղել է գերկարևոր նպատակ»։

Իսկ թե ինչու՞ են խոսում իշխանափոխության մասին, նա նշել է. «Շատ վատ օրինակ կա՝ ետխորհրդային տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, և դա վատ օրինակ է։

Եւ երկրորդ՝ ՀՀ-ն, պատմական իրադարձությունների բերումով, իր պետականության և անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում, ինչը, բնականաբար, ոչ բոլորին է դուր գալիս, որովհետև ՀՀ-ն պետք է միշտ ինչ-որ կենտրոնից կախված լինի, պետք է որևէ դեմքով մեծ եղբայր ունենա և նայի ու մտածի՝ մեծ եղբայրը կամ գերտերությունը եթե չլինի, կուտեն, կուլ կտա»։

You may also like...