Մենք ստացանք սահման, որը ճանաչվել է հակառակորդի կողմից․ դա մեր հաղթանակն է․ Ալեն Սիմոնյան
Կիրանցում, Տավուշի մարզի այդ կտորի սահմանազատումը ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով, որ գործընթացը շարունակվում է։
«Մենք ստացանք սահման, որը ճանաչվել է հակառակորդի կողմից, մենք ստացանք սահման, որտեղ կանգնած են սահմանապահները, որտեղ ավելի ապահով է, քան այն մասերում, որտեղ դեռ որևիցե սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունեցել։
Պրոցեսը շարունակվում է, հիմա քննարկվում է այն մասերը, որտեղ հետագայում շարունակությունը լինելու է։
Ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ այդ պրոցեսը մենք ավարտին ենք հասցնելու»,– ասել է նա։
Հարցին, թե ինչում է անհամաձայնությունը՝ նա պատասխանեց, որորևէ անհամաձայնություն չկա։ «Քննարկումները շարունակվում են, հիմա ես չեմ ուզում կտորներից խոսեմ։
Մենք ֆիքսել ենք, որ լինելու է Վրաստանից մինչև Իրան ընկած սահմանը, ֆիքսել ենք, որ սահմանազատումը կատարվելու է Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որով ֆիքսվել են Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի վարչական տարածքները։
Այդ տրամաբանության մեջ է լինելու, որը մեծագույն հաղթանակ է Հայաստանի Հանրապետության համար, դա մեր հաղթանակն է։ Եվ Ադրբեջանի, կամ Ռուսաստանի, կամ Ֆրանսիայի, կամ ԱՄՆ-ի կողմից որևիցե ձևով չի կարող շահարկվել, դա մեր հաղթանակն է»:
