Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»

«Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Կոռնիձորի, Խնձորեսկի, Հարթաշենի, Ակների, Վերիշենի և Գորայքի միջնակարգ դպրոցներում գործող ագրոտեխնոլոգիա խմբակների աշակերտները իրենց հերթական գործնական դասը անցկացրել են Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի հողի անալիզի լաբորատորիայում։

Այս մասին հայտնում են հիմնադրամից:

«Դասընթացի ընթացքում աշակերտները ծանոթացան հողի՝ անալիզի համար նախատեսված սարքավորումներին, սպեկտրոֆոտոմետրի միջոցով որոշեցին հողային լուծույթում մակրո և միկրո տարրերի քանակը, պատրաստեցին հողային լուծույթ՝ կիրառելով թորած ջուր և չորացած հողանմուշ, կոնդուկտոմետրի միջոցով գնահատեցին էլեկտրահաղորդականությունն ու հանքայնացման աստիճանը, pH մետրի օգնությամբ ստուգեցին լուծույթի միջավայրի ռեակցիան: Դասի ամփոփումը կատարվեց բնական ինդիկատորների ստացման փորձով։

Այս գործնական այցը նպաստեց դասական տեսական նյութի գործնականում կիրառելիությանը, հետաքրքրության խթանմանը և ապագա մասնագիտական կողմնորոշմանը։

Հիշեցնենք, որ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզում՝ նպատակ ունենալով գյուղական համայնքների բարձր դասարանների աշակերտներին տրամադրել նորարարական, գործնական և արդիական կրթություն գյուղատնտեսության և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

You may also like...