Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:

Արայիկ Հարությունյանն այցելել է Ալագյազում կառուցվող մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները ևս:
Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը նաև հանդիպումներ է ունեցել Ալագյազ, Ճարճակիս, Շամիրամ բնակավայրերի բնակիչների հետ:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ, ընդգծել, որ Կառավարությունը համայնքների հավասար զարգացմանը մեծ կարևորություն է տալիս:
«Ներդրումները, որոնք իրականացվում են պետական բյուջեից նաև այդ նպատակով են, միայն մայրաքաղաքի կամ մի քանի քաղաքների զարգացմամբ մենք չենք կարող ուժեղ պետություն ունենալ: Իսկ ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը:
Մենք դրանով հպարտանում ենք, ցույց ենք տալիս բազմամշակութային հանրությունը, որ ունենք հանրապետությունում, և այդ ուղղությամբ աշխատանքներ անելու համար նաև փորձելու ենք նոր գործիքներ գտնել, որպեսզի ազգային փոքրամասնություններն իրենց կրոնական, մշակութային, կրթական իրավունքներն ու պահանջմունքները կարողանան իրացնել»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ այցի նպատակն է հենց տեղում հասկանալ խնդիրները:


Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը պատասխանել է բնակիչների կողմից բարձրացված հարցերին:



