Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ)

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին պաշտոնանկ անելու հարցն իմ որոշելիքը չէ:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում քրեական վարույթներ են նախաձեռնվել:

«Ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ և կարծում եմ՝ անընդունելի է նման պահվածքը»,- ասաց նա:

ԱԺ փոխնագահը նաև հերքեց լուրը, ըստ որի՝ ինքն այս հարցով դիմել է վարչապետին:

Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Ծեծկռտուքի հետևանքով միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար։

«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։

Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել էր նա:

You may also like...