Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ կան. ԱԺ փոխնախագահը դիմել է ոլորտի ներկայացուցիչներին
«Մենք հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ ունենք, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԿԳՄՍՆ-ն, Կառավարությունը հանդես են եկել նախաձեռնություններով, որոնք բարձրացրել են տնօրենների նկատմամբ չափորոշիչները, ներդրվել են նաև դպրոցների զարգացման ծրագրերի չափանիշներ»:
«Ընթացակարգն այնպիսին է դարձել, որ լավագույն կադրերին կարողանանք ընտրել դպրոցների տնօրեններ, որոնք զբաղվելու են մեր բալիկներին կրթելով և կրթական ոլորտի կառավարման գործունեությամբ: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա վերջին 10 տարիներին առնվազն 5 տարվա կառավարման փորձ ունեցող անձանց մասնակցել դպրոցի տնօրենի հավաստագրման գործընթացին, որը մինչ այժմ հնարավոր չէր»,- ասել է Արշակյանը:
Խոսքն ուղղելով կառավարման ոլորտի ներկայացուցիչներին, որոնք տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ դիմում է բոլոր հայրենակիցներին, որոնք նման փորձառություն ունեն՝ մասնակցեն հավաստագրման գործընթացին, մասնակցեն հետագայում նաև տնօրենի թափուր տեղերի մրցույթներին և իրենց ջանքն ու եռանդը ներդնեն հենց այս կարևորագույն գործում:
«Կարծում եմ՝ սա կբերի բեկումնային փոփոխությունների տվյալ ոլորտում»,- եզրափակել է նա:
Նախագծով առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսհաստատությունների ղեկավարման հավաստագիր ստանալու համար մեկ միասնական ընթացակարգ սահմանել:
Ըստ այդմ՝ ուսհաստատության հավաստագիր ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն, վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն 5 ու կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:
