Թաղապետի հարցով կզբաղվեն այն ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեն․ ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Դատապարտում եմ կոնկրետ դեպքը։ Որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել մեզ համար, որովհետև դա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնարար փաստաթղթի և մեր գաղափարախոսության մասն է, և ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այս մասով էլ տարընթերցումներ չլինեն։
Բայց թաղապետի հարցով կզբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ Քննչական կոմիտեն, իրավապահ մյուս մարմինները, իսկ երբ հարցը կդառնա քաղաքական, արդեն կունենա քաղաքական որոշակի գործիքներ, որոնք կկիրառվեն»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:
Ծեծկռտուքի հետևանքով միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել էր նա:
