Ժողովդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է ու ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին: Միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:
Ժողովրդավարության հայկական ֆորումին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
«Freedom House» կազմակերպության հարգելի նախագահ,
Հարգելի ներկաներ,
Ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ և հույս ունեմ, որ այս միջոցառումը, այս կարևոր իրադարձությունն իսկապես կշարունակվի ամեն տարի և կդառնա ամենամյա:
Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են: Բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ես սա ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է:
Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատություններ սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն չունի էլ: Բայց այն փաստը, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումը» առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 թվականին և ոչ թե 2019 թվականին, կարծում եմ՝ բավական խոսուն փաստ է, որովհետև երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում: Ցավոք, այդ այլ պայմանները եղան, և արձանագրեցինք, որ այդ այլ պայմաններում ընտրություններն ամենևին էլ պակաս ազատ և ժողովրդավարական չեն, և դա միջազգային հանրության գնահատականն է, ինչը չի նշանակում, որ և՛ 2018 թվականին, և՛ 2019 թվականին ընտրությունները եղել են անթերի: Նկատի ունեմ, իհարկե, քաղաքական մթնոլորտը և քաղաքական կուլտուրան մի հարց է, որը դեռ պետք է հասցեագրվի:
Այս առումով, այո՛, պիտի ընդգծեմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է և մեր ռազմավարությունը: Դա ամենևին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ: Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վարում են:
Այս իմաստով պիտի ընդգծեմ նաև, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը նաև այս ազատությունների արդյունքները վայելում է: Եվ ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որ մենք այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ և խորը պրոբլեմներ կունենայինք: Բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար և վճռական պահին եկավ մեզ օգնության:
Ուզում եմ արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Ես սրանում համոզված եմ: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում: Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ:
Այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը և երկրորդը՝ խաղաղությունը: Այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին: Որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունն ինքը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունն ու երջանկությունը:
Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանի Հանրապետությունում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ և կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի բերած արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև երկրի բարեկեցությունը: Իհարկե, ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, և մենք, իհարկե, պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած նախադրյալները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն:
