Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ գործից:
«Յուրաքանչյուր դրվագ, որ շրջանառվում է մամուլում, շրջանառվում է հենց այս ընկերությունների հետ կապված դրվագները նկարագրելով: Սրանք բոլորը քննության առարկա են Քննչական կոմիտեում»,- ասել է Վարդապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում հանրությանը կներկայացնեն այս գործի արդյունքները: Քննության ընթացքը չվնասելու համար Աննա Վարդապետյանն այլ տվյալներ չի հրապարակել:
Նշենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել ԱՆԻՖ-ում, որոնք առնչվում էին ֆոնդի ղեկավար կազմի գործունեությանը:
Կառավարությունը 2024-ի մայիսին որոշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հունվարին անդրադարձել էր ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակին՝ այն գնահատելով որպես «ձախողում և խայտառակություն»:
