Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է «Ֆեյսբուք»-ում Զարուհի Փոստանջյանի կողմից արված պնդումներն այն մասին,, թե օրերս Գյումրիում ձերբակալված Լիլիթ Աղեկյանինո ստիկանության բաժնում խոշտանգել են, նվաստացրել:
Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Հիշեցնենք՝ Գյումրիում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Աղեկյանը:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Աղեկյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, այնուհետև հայտնել է ինքնազգացողության վատացման մասին, ինչից հետո վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն:
ԲԿ-ում պարզվել է, որ տիկնոջ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան, ու նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:
Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնել էին, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
