Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի

Ռուսաստանը պետք է մայիսի 12-ից հաստատի լիարժեք, տևական և հուսալի զինադադար, միայն դրանից հետո Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններին, ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ի պատասխան Կրեմլի առաջարկի։

«Սպանությունները նույնիսկ մեկ օր շարունակելու իմաստ չկա: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադար՝ ամբողջական, տևական և հուսալի՝ սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից, իսկ հետո Ուկրաինան պատրաստ է հանդիպման»,- մայիսի 11-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Միաժամանակ, նա ռուսական կողմի հայտարարություններն անվանել է «լավ նշան»։

Նրա խոսքով, դա վկայում է պատերազմի ավարտի մտորումների մասին։

«Աշխարհում բոլորը երկար են սպասել դրան: Եվ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը՝ մեկնաբանելով Ստամբուլում բանակցություններ վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։

You may also like...