2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ
Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման, նաև որոնողական աշխատանքների հետ կապված:
Խոսնակն ընդգծել է՝ հանրության, հրապարակումների զսպվածությունը զերծ կպահի անհարկի խուճապից ու թույլ կտա, որ մարդիկ առավել սևեռվեն բուն խնդրի վրա՝ արդյունքի հասնելու նպատակով:
«Ոստիկաններն ու փրկարարներն առավոտից կրկին որոնողական աշխատանքներ են տանում գետի ամբողջ երկայնքով, նաև ջրամբարի տարածքում, գյուղում և հարակից վարչական տարածքներում»,- եզրափակել է նա:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել:
Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան:
