Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ջրում ցանցեր են տեղադրվել

Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել:

Սեդրակյանն այդ մասին ասել է Մարմարիկում լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում և՛ բնակավայրում, և՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։

«Այս պահին ոչ մի արդյունքի չենք հասել, ոչ մի հետք չունենք, որևէ հագուստ, իր չենք հայտնաբերել։

Գետի որոշակի հատվածներում ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանանք հայտնաբերել։ Ցանցերը տեղադրել ենք 5 հատվածում. դրանք այն հատվածներն են, որտեղ գետն ավելի հանդարտ է»,- նշել է Սեդրակյանը։

Նա նաև շեշտեց, որ բոլոր առաջ քաշված վարկածները ստուգվում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ փրկարարների կողմից։

«Չկա այդպիսի վարկած, որ մենք չստուգենք։ Մարմարիկ բնակավայրի և հարակից բնակավայրերի բոլոր շենք-շինություններում ընդհանուր որոնողական աշխատանքներ են իրականացվել։

Այս պահին, ցավոք, արդյունք չունենք»,- հավելել է նա։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև մեծ թվով կամավորներ։

«Անընդհատ շարունակելու ենք աշխատանքները մինչև երեխային չգտնենք»,- վստահեցրել է փոխգնդապետ Սեդրակյանը։

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել:

Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան:

You may also like...