2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են. հարցաքննվել է շուրջ 70 անձ, ստուգվել՝ մոտ 40 տրանսպորտային միջոց
Մայիսի 14-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
Մինչև այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված է մոտ 796 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ և կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։
Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել՝ շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։
Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել:
Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան:
