Թբիլիսին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Վրաստանին պատժամիջոցների ենթարկելու մասին օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը դատապարտել է «Մեգոբարի ակտը»՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից աջակցվող օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում Վրաստանի իշխանությունների դեմ։
Խորհրդարանականներն ընդգծել են, թե «Վրաստանում անցկացվում են ազատ և արդար ընտրություններ, իսկ 2008 թվականից Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Վրացի պատգամավորները նշել են, որ 2012 թվականից հետո ոչ մի վրացի քաղաքական գործիչ չի այցելել Մոսկվա։
«Վրաստանի և Չինաստանի միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
«Մեգոբարիի ակտ»-ն ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից մայիսի 5-ին և ուղարկվել է Սենատ՝ քննարկման համար: Հաստատվելու դեպքում այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին, որի ստորագրելուց հետո ընդունված կհամարվի:
Օրինագծի հեղինակը հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, որն աջակցում է վրացական ընդդիմությանը։ Ակտի անվանումը առաջացել է վրացերեն «megobari» բառից, որը նշանակում է «ընկեր»։
Փաստաթուղթը ներառում է դրույթներ վրացական ղեկավարության դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ «ժողովրդավարությունը հետին պլան մղելու», Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ մերձեցման համար։
Այնուամենայնիվ, այն նաև աջակցություն է խոստանում Վրաստանին, եթե երկիրը վերադառնա ժողովրդավարության ուղի և ճշգրտի իր արտաքին քաղաքականությունը։
