Արմեն Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. ԱԱԾ-ի պարզաբանումը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի կողմից Երևանի կենտրոնում բնակարանի ձեռքբերմանը։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը որպես չափահաս ՀՀ քաղաքացի վերոնշյալ գույքը ձեռք բերելու համար գործարք է կնքել քաղաքացի Եղիշ Համբարձումյանի հետ և հիփոթեքային վարկավորման միջոցով գնել տվյալ բնակարանը:
Հոդվածում վկայակոչված՝ գույքի նախկին սեփականատիրոջ և գույքի նախապատմության հետ Ռ. Աբազյանը որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանի որ վերջինս գույքը ձեռք է բերել քաղաքացի Եղիշ Համբարձումյանից, որը եղել է այդ գույքի օրինական սեփականատերը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, զբաղվում է ձեռներեցությամբ: Ուստի հաշվի առնելով ձեռնարկատեր Ռոբերտ Աբազյանի եկամուտների չափը՝ հիփոթեքային վարկավորումը տրամադրվել է 100 տոկոսով՝ առանց նախավճարի»,- ասվում է «Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ։
