Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ:
Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը:
ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է Ղազախստանի իշխանությունների և ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:
Կողմերը քննարկել են նաև թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Մաուլեն Աշիմբաևը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը և նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը:
