Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ հրավերի, արդի հարցի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու հնարավորության համար և, անդրադառնալով համալսարանական ուսումնառության ընթացքում անհատի ստացած գիտելիքին, ընդգծել է, որ այն պետք է ծառայի նրա աշխարհայացքի ընդլայնմանը, օգնի կողմնորոշվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ձևավորի վերլուծական կարողություններ և կողմնորոշի որոշումներ կայացնելիս:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերլուծական կարողություններ ձևավորող կրթությունը չի կարող լինել ժամանակավրեպ: «Այն պետք է հենվի անցյալի ճանաչման ու փորձի վերլուծության վրա, սակայն «հողի վրա» ապրելու համար այն պետք է բավականաչափ կենսունակ լինի»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը:
ԵՊՀ շրջանավարտների ֆորումի նպատակն է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտների համար ստեղծել հաղորդակցման և համագործակցության հարթակ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, քննարկելու արդիական խնդիրներ, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:
