Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել (տեսանյութեր)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաղրամյան 26 հասցեի այցելությունից ֆեյսբուքյան իր էջում հրապարակված երկրորդ տեսանյութով մանրամասներ է հայտնել։

Նա նկատել է․ «Եկա այստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն ինչ-որ ես մտածում էի։ Այսինքն՝ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ որ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել իմ անունը տալով։

Այն շինարարական կազմակերպությունը, իրական սեփականատերը, որը Բաղրամյան 26-ի շրջակայքում շենքի սեփականատերն է, խնդրում եմ կապվել իմ գրասենյակի հետ։

Ես վաղը առավոտյան կկապվեմ նաև քաղաքապետերանի հետ, և կփորձեմ հասկանալ, թե ով է իրական սեփականատերը, որ շինարարները իմ անունն են տվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյբուքյան իր էջում հայտնել է, որ փնտրում է այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձանագքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել է՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։

Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:

Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ հայտնեց Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Հարևանությամբ կայանված երկու «Մերսեդես» մակնիշի և BYD մակնիշի մեկ ավտոմեքենա հրդեհվել է: Կայանված են եղել, վարորդները կամ այլ անձինք այդտեղ չեն եղել, այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ և մարմնական վնասվածքներ չստանալ: Նախնական տվյալներով՝ որևէ տուժած չկա, հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Այնուհետև նա տեղեկացրել էր, որ այս պահին շարժվում է դեպի Բաղրամյան 26 հասցե։ 

You may also like...