Հունգարիայում անցկացվել է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը
Մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ժամանակ ստորագրվել է 71 կետից բաղկացած հռչակագիր։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահներն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։
Հռչակագրում ընդգծվել է թյուրքական պետությունների նշանակալի դերը ժամանակակից աշխարհի քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի գործում, նրանց ազդեցությունը տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության և անվտանգության վրա։ Պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ վերահաստատել են նվիրվածությունը Նախիջևանի համաձայնագրի սկզբունքներին, նպատակներին և ոգուն, որով դրվել է կազմակերպության ինստիտուցիոնալ հիմքը։
Միաժամանակ նշվել է բանակցությունների միջոցով Կիպրոսի հարցի փոխադարձաբար ընդունելի և կենսունակ լուծման հասնելու անհրաժեշտությունը։ Բարձր է գնահատվել Թուրքիայի կառուցողական դերը Սիրիայում անվտանգության և կայունության հաստատման, նրա տարածքային ամբողջականության և միասնության հարցում, ինչպես նաև այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման գործում։
Հատուկ ուշադրություն է դարձվել Գազայում ստեղծված իրավիճակին։ Ողջունել են Աֆղանստանի հետ կապված հարցերով կազմակերպության աշխատանքային խմբի ստեղծումը։
Եզրափակելով՝ պետությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ գագաթնաժողովը կազմակերպելու և թյուրքական աշխարհի միասնության ամրապնդման գործում նրա ներդրման համար։ Ի դեպ, այդ ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է դիտորդ պետությունում: