Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է:
Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
Ազնավուրն իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով: Հեղինակել ու համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն: 1995 թվականից ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում:
2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եղել, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է:
Ազնավուրը երգել է Լուչիանո Պավարոտտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյեի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:
Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում:
Ազնավուրի անունով կոչվել են՝ հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, Վանաձորի մ՛շակույթի տունը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը: