Արշակյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները:
Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ վերահաստատելով՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Չլուծված հումանիտար խնդիրների առումով կարեւորվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց ազատ արձակումը: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

You may also like...