Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը:
Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում՝ շատ տպավորված է մեր երկրից, ինչպես նաև հայ գործընկերների և Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սեյսմիկ անվտանգության և հարակից ոլորտներում հայ-չինական համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:
Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները և, ընդհանրապես, Երկրի ընդերքի հետազոտությունները՝ ոչ միայն սեյսմոլոգիայի, այլև տնտեսության, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից դրանց կիրառական նշանակությամբ:
Զրույցի ընթացքում շեշտվել է տվյալների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ գործակցության կարևորությունը, ինչը կնպաստի երկրաշարժերի մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայունությանը:
