Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակում․ Reuters

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է ընթանում, Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն՝ անանուն մնալու պայմանով։

Ավելի վաղ այդ մասին ԱՄՆ նախագահն էր գրառում արել Truth Social հարթակում։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հենց նոր ավարտվեց գերիների խոշոր փոխանակումը», — հայտնել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ հարց է բարձրացրել՝ հնարավո՞ր է, որ սա հանգեցնի «ինչ-որ մեծ բանի»՝ ակնհայտորեն նկատի ունենալով հրադադար հաստատելու միջազգային դիվանագիտական ջանքերը։

Գերիների փոխանակման մասին կողմերը պայմանավորվել էին անցյալ շաբաթ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերսկսված բանակցությունների ժամանակ։

Թուրքիայում տեղի ունեցած այդ հանդիպումը շարունակվել էր երկու ժամ, Մոսկվան, սակայն, չէր համաձայնել 30 օրյա հրադադար հաստատելու առաջարկին։

You may also like...