2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում
Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Քննչական կոմիտեից Petutyun.com-ին հայտնել են, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։
Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:
