Իմ ցանկությունն էր լսել, որ միջանցք չի կարող լինել. այդ տրամաբանությունն է կտրել տարածաշրջանի կապը. Խաթիբզադե
«Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հավատում, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի անել»:
«Պետք է հստակ ասել՝ մենք չենք ընդունում որևէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք՝ «Զանգեզուրի միջանցք» կամ մեկ այլ բան։
Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն իրար միջև, բայց այդ պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության և ինքնավարության սկզբունքների վրա։
Բայց շատ կարևոր է նշել, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը»,- շեշտել է Իրանի փոխարտգործնախարարը։
Նա հիշեցրել է, որ վերջերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Թեհրանում մասնակցել են մեկ այլ պանելային քննարկման, որի ժամանակ ևս խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է կտրել կապը տարածաշրջանում, դա մի բան է, որը մենք չենք տեսնում մեր տարածաշրջանի ապագայի համար»,- եզրափակել է Խաթիբզադեն։
Հիշեցնենք՝ Թեհրանում անցկացված Միջազգային երկխոսության համաժողովում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել էր «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի մասին: Նա հայտարարել է, որ նման նախագիծ և անգամ նման քննարկում չկա։
