ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։

«Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց:
Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

Ձեռք են բերվել փաստական տվյալներ ու հանգամանքներ այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը թաքցրել է շուրջ 9,1 մլրդ դրամի իրացման շրջանառություն։

Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի՝ պետությանը պատճառվել է ավելի քան 2,6 մլրդ ՀՀ դրամի վնաս։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում՝ նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ իրավախախտումներից»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

You may also like...