էսկալացիայի վտանգներ այս պահին չեմ տեսնում․ ԱԺ նախագահ (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կիսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն մտահոգությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին կա լարվածության նոր փուլի կամ էսկալացիայի ռիսկ։

Լրագրողի հարցին՝ ինչ վտանգ է տեսնում ԱՄՆ պետքարտուղարը, և արդյոք ադրբեջանական հայտարարություննե՞րն են հիմք նման գնահատականների համար, Սիմոնյանն արձագանքեց. «Ես նման տեղեկության չեմ տիրապետում։
Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյոք նման միտումներ կամ տեղաշարժեր կա՞ն, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը չի՞ կարող հիմք հանդիսանալ նման մտահոգությունների համար, Սիմոնյանը արձագանքեց․

«Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ԱԺ նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի քայլերը նկատում ենք»։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել էր նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...