Չի կարելի մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնել. Սիմոնյանը՝ ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերության մասին
Հայաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Արևմուտքի երկրների հետ, թե՛ փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ:
«Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք և Հայաստանի օրակարգն ենք սպասարկում: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել:
Այն խնդիրը, այն հարցերը, հարցադրումները, որ կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, օրակարգից դուրս չեն եկել. այնուամենայնիվ, ո՞րն է ՀԱՊԿ-ի սահմանը, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել… էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել»,- ասաց Սիմոնյանը:
Նա ընդգծեց՝ լավ չէ երկիրն ամբողջությամբ մեկ խողովակից կախելն ու մեկ ճանապարհով երկրի անվտանգությունն ապահովելը: Եվ կարևոր չէ, թե դա որ ճանապարհն է: Սիմոնյանը շեշտեց՝ չի կարելի լինել միայն արևմտամետ, չի կարելի միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերն ունենաս:
«Ռուսամետները գալու են ասեն՝ ո՛չ, միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասեն՝ ո՛չ, միայն Եվրոպա, իսկ Հայաստանն այդ ընթացքում պետք է այդ ծանր երկու, երեք կամ չորս բևեռների մեջ իր շահը տանի: Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող մի երկիր, որն ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում:
Այդպիսի երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Հայաստանը լավ, բարի հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։
Բայց դա չի նշանակում, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է փորձեն իրենց դրածոներին այստեղ իշխանություն սարքել, հայկական տնտեսությունն իրենցով անել»,- ասաց ԱԺ նախագահը:
