Կոտայքի բնակիչը ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով փորձել է պետական միջոցներից հափշտակել շուրջ 121 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն ինտեսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 120 մլն 926 հզր ՀՀ դրամ գումար:
Այնուհետև Ա.Հ.-ն Ն.Բ.ի հետ համաձայնություն է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ծրագրի շրջանակներում իր կողմից ներկայացված անձանց որպես շահառու հաշվառելու հարցի շուրջ, որից հետո վերջինիս հայտնել է նշված շահառուների տիրապետության տակ գտնվող հողատարածքներում այգիների հիմնման համար կատարված ծախսերի վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնց հիման վրա Ն.Բ.-ն կազմել է համապատասխան փաստաթղթեր և ներկայացրել նախարարություն:
Էկոնոմիկայի նախարարության ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ:
Մասնավորապես՝ կատարված ծախսերի գերագնահատված լինելու պատճառով իրականացված աշխատանքները չեն համապատասխանել ծրագրի պահանջներին, ինչի արդյունքում Ա.Հ.-ն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը:
Բացի այդ՝ Ա. Հ.-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 341,94 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օերենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձը), 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
