Ռուսական «Իսկանդեր» hրթիռը Բեռլին կհասնի ավելի արագ, քան գերմանական Taurus hրթիռները՝ ռուսական քաղաքներ. ՌԴ-ն սպառնացել է Գերմանիային
Ռուսական «Իսկանդեր» հրթիռն ավելի արագ կհասնի Բեռլին, քան գերմանական «Taurus» հրթիռները՝ ռուսական քաղաքներ։ Այս մասին հայտարարել է Ղրիմի շրջանից Պետդումայի պատգամավոր, պաշտոնաթող գեներալ-մայոր Լեոնիդ Իվլևը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը Ուկրաինայի համար հրթիռների կիրառման սահմանափակումները վերացնելու մասին։
Քաղաքական գործիչը նշել է, որ Գերմանիայի կանցլերը կարծես թե մոռանում է, որ Ռուսաստանը կարող է լիովին պատասխանել ցանկացած ագրեսիայի ու իր անվտանգությանը սպառնացող վտանգի։
«Մերցը, ըստ երևույթին, չգիտի, որ, օրինակ, «Իսկանդերը» Կալինինգրադի պաշտպանական շրջանից շատ ավելի արագ կթռչի Բեռլին», — ասել է պատգամավորը։
Իսկ ահա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կիևի համար հեռահար հրթիռների մասին Մերցի հայտարարությունները, նշել է, որ «Գերմանիան սահում է նույն ճանապարհով, ինչով արդեն գնում էր նախքան իր փլուզումը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Գերմանիան այլևս չի սահմանափակում Կիևին մատակարարվող զենքի տեսականին։ Բացի այդ, Մերցը հավելել է, որ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն նույնպես հանել են Ուկրաինային մատակարարվող զենքի տեսականու սահմանափակումները։
