Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ։

«ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ: Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:
Ընթացքի մեջ է հիմնական ոլորտներում ազգային օրենսդրական կարգավորման համակարգերի ներդաշնակեցումը, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր»,- ասվում է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պուտինը վստահ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն կառուցել կառուցողական բազմակողմ համագործակցություն ամեն կերպ՝ ի շահ իրենց ժողովուրդների, եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման։

«Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ ասոցիացիայի նպատակներն են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը, մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում։

You may also like...