Գյումրու նախկին փոխքաղաքապետը նոր պաշտոն ունի
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը նոր պաշտոն ունի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ նշանակվել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ։
Մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը նշեց, որ իր մասնագիտական ստաժը բավարարում է նաև տնօրենի պաշտոնի համար:
«Երբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվի, այդ ժամանակ կորոշեմ՝ մասնակցել, թե ոչ»,- ասաց նա։
Վահագն Մկրտչյանը կշարունակի հանդիսանալ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ:
Նշենք, որ պոլիկլինիկայի տնօրեն Սիրանուշ Ղուկասյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է:
Ղուկասյանը վեց ամիս ժամկետով նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչ մրցույթի արդյունքներով նոր տնօրենի նշանակումը։
