Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Ուկրաինա և հանդիպել երկրի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ֆիդանը ծաղիկներ է դրել «Հիշատակի պատի» մոտ։
Կողմերը առանձնազրույցից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Ֆիդանը մասնավորապես նշել է. «Մենք մոտենում ենք պատերազմում կարևորագույն ճամփաբաժանի։ Կա՛մ մենք կփակենք աչքերը այս պատերազմի շարունակության վրա, կա՛մ կհասնենք մշտական խաղաղության»։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունները նոր երանգ հաղորդեցին դիվանագիտական լուծման որոնմանը, և Թուրքիան պատրաստ է հյուրընկալելու հաջորդ բանակցությունները։
Անդրադառնալով Ղրիմի թաթարներին՝ նա նշել է, որ ցանկանում են նպաստել Ուկրաինայի վերակառուցմանը և հավելել, որ ուշադիր հետևում են Ղրիմի թաթարներին և Ղրիմի շուրջ զարգացումներին։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի բանակցությունները շարունակվեն Ստամբուլում։
