160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես:
Այն հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները:

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր: Հակոբ Արշակյանը շրջել է Հայաստանի «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով:
Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները եւ, իհարկե, ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը:
Տաղավարում ներկայացված են նաև Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:

Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը, հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում են մարդկության նորագույն ձեռքբերումները տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության և այլ ոլորտներում:
Այս ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են հեռախոսը, հեռուստացույցը, CD-ն և այլ կարևոր հայտնագործություններ, ցուցահանդեսի համար են կառուցվել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Ապակե պալատը, Բրյուսելի Ատոմիումը և այլն:
