Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունիսի 2-ին մասնակցել է Գորիսում կայացած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի լիագումար նիստին և հանդես եկել ելույթով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Սա վկայությունն է այն ամուր բարեկամության, որը գոյություն ունի մեր ժողովուրդների միջև ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլ նաև ապագային միտված գործընկերություն:

Ապակենտրոնացված համագործակցությունը վաղուց վերածվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերությունների իրական հենասյուներից մեկի՝ ընդգրկելով կրթության, առողջապահության, մշակույթի, գյուղատնտեսության, տեղական զարգացման և այլ առանցքային ոլորտներ:

Հատկապես ողջունելի է, որ համաժողովը կազմակերպվել է Սյունիքում՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում, որտեղ արդեն ձևավորվել է օրինակելի համագործակցություն Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր դեպարտամենտի հետ:

Այս համատեքստում մեծ պատիվ էր նաև մասնակցել Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Սա առավել քան խորհրդանշական քայլ է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման, տեղում ներկայացվածության և համայնքային զարգացման տեսլականի շրջանակում:

Ֆրանսիան հերթական անգամ ցույց է տալիս իր հավատարմությունը՝ լինելու Հայաստանի վստահելի գործընկերը նաև համայնքային մակարդակում՝ երկարաժամկետ ծրագրերով:

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի բոլոր գործընկերներին բարեկամության, պատասխանատվության և նվիրվածության, ինչպես նաև Հայաստանի պետական ու տեղական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և համայնքներին՝ այս գործընթացին ակտիվ մասնակցության և հետևողական ներգրավման համար:

Ազգային ժողովում մենք շարունակելու ենք աջակցել այս գործընկերությանը՝ որպես փոխադարձ հարգանքի, երկխոսության և զարգացման ամուր հենք»,- եզրափակել է ելույթը բարեկամական խմբի ղեկավարը:

You may also like...