Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այն տևել է 1 ժամից մի փոքր ավել և անցկացվել է փակ դռների հետևում։

Ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել Ստամբուլի Չիրագան պալատում, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Հանդիպումից առաջ նա առաջարկել է կողմերին քննարկել առաջնորդների հանդիպում։ Նա նաև մաղթել է կողմերին գտնել «լավ լուծում»։

Ռուսաստանից բանակցող խումբը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Խմբի կազմում են եղել Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հաստատված ուկրաինական բանակցային խմբի կազմում են եղել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյանը և այլք։

Հաղորդվում է, որ բանակցություններն անցկացվել են ռուսերենով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում սկսվել էր Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։

You may also like...