Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ուրույն տեղ ունի. նախագահը՝ Պանկուկին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։

Պատվիրակությունը ժամանել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին մասնակցելու համար:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է.

Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը։ Այն սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, սակայն առավել ընդգծված և կարևոր բնույթ է ստացել հատկապես 2020 թվականից հետո տեղի ունեցած իրադարձություններով։

Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերել եք նաև որպես տեղական իշխանություններ։ Ձեր հնչեցրած հայտարարությունները, ընդունած որոշումները և հատկապես հետագա գործնական քայլերը մեզ մեծ աջակցություն են եղել:

Այս համագործակցության կարևորագույն կողմերից է այն, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք շոշափելի ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում։

Ծրագրերը ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտները և ամենակարևորը նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը»։

64114_b.jpg (1.63 MB)

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, մեզ ընդունելու և ժամանակ տրամադրելու համար։ Եթե այսօր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովն անցկացվեց հաջողությամբ, ապա դա հայ ու ֆրանսիական տեղական իշխանությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքն է, որի համար մենք խորապես երախտապարտ ենք»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը։

Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալով պաշտպանական, էներգետիկ, գյուղատնտեսական, կրթական, ենթակառուցվածքային, առողջապահական, հումանիտար և բնապահպանական ոլորտներում ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել մասնագիտական փորձի փոխանակման, տեխնիկական աջակցության, համատեղ նախագծերի իրականացման և տեղական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։

Նշվել է, որ հայաստանյան և ֆրանսիական քաղաքների միջև «քույր քաղաքներ» ձևաչափով համագործակցությունը հանդիսանում է ապակենտրոնացված գործակցության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է էական խթան հանդիսանալ նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացման համար։ Կարևորվել է նաև բնապահպանության և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների խթանումը։

Զրույցի ընթացքում կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանումը ներդրումների ներգրավման և առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության շարունակական զարգացման հանձնառությունը։

You may also like...