Պետք է ուղիղ և աներկբա ասենք՝ սիրելի՛ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք․ ՀՀ վարչապետ
2025 թվականի ապրիլին ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի համախառն ֆոնդը կազմել է 238 մլրդ 975 մլն դրամ, 2018 թվականի ապրիլին՝ 94 մլրդ 206 մլն դրամ: Սա բոլոր աշխատողների գրանցված աշխատավարձն է, և այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 մլրդ դրամով կամ 153 տոկոսով:
Վարչապետը հավելեց՝ այստեղ մտնում են թե՛ այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են 3-4 մլն կամ ավելի աշխատավարձ, թե՛ այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են 80 հազար դրամ, նաև կես կամ մեկ քառորդ դրույթով ու ավելի քիչ աշխատողներին, այսինքն՝ վերոնշյալ թիվը բոլոր աշխատավարձերի հանրագումարն է․
«Այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա աղմկոտ, իսկ հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ 80-90 տոկոսով հիմնականում ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն:
Ինչո՞ւ եմ ասում 80-90 և ոչ 100 տոկոս, որովհետև մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20 տոկոսը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին: Եվ 10-20 տոկոսը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով՝ ներառյալ անարդարությունը, կարգավորումները և այդպես շարունակ:
Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումն ավելին լինի 10, մաքսիմում՝ 20 տոկոսից, հետևաբար ուզում եմ ընդգծել՝ 80-90 տոկոսով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, և 80-90 տոկոսով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն»:
Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց կրթության ոլորտի բարեփոխումները, տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է հանրակրթական դպրոցների աշակետներին մի ուղերձ հղել. «Պետք է նրանց ուղիղ և աներկբա ասենք՝ սիրելի՛ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք»:
