Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Հունիսի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

«Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Շնորհակալություն եմ հայտնել նաև օրերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ՀԱԷԿ-ում տեղադրված վարժասարքի համար։
Բարձր եմ գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը և երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու հարցում։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության և Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ համագործակցության շրջանակին վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը սոցցանցի իր էջում։
