ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին
Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապ Լևոն 14-րդի հեռախոսազրույցը։ Նախագահ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Հռոմի պապին՝ ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություն իր բարձր առաքելության իրագործման հարցում։
Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Պուտինը վերահաստատել է հետաքրքրվածությունը՝ խաղաղությանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հասնելու հարցում, ընդգծել, որ ճգնաժամի վերջնական, արդար և համընդգրկուն լուծման համար հարկավոր է սկզբնական պատճառները վերացնել։
Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերականգնման համատեքստում ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է երկրորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերում են ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը։
Շեշտվել է, որ ռուսական կողմը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է՝ երեխաներին իրենց հարազատների հետ միավորվելու համար։ Հռոմի պապին ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել ճգնաժամի կարգավորման հարցում աջակցելու պատրաստակամության, մասնավորապես՝ հումանիտար սուր հարցերի լուծման առումով ապաքաղաքական հիմքով Վատիկանի մասնակցության համար։
