Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ինչ անշարժ գույքեր են վերադարձվել պետությանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության բավարարված հայցի արդյունքում Օրգով համայնքի հողամասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացնելու հարցին:
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է:
Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը: Հայցի բավարարման արդյունքում՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Հաշվի առնելով, որ հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք, իսկ գործառնական նշանակությունը՝ «Պատմական և մշակութային»՝ առաջարկվում է հողամասն ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի ներկայացված հայցը: Հայցով պահանջել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:
Մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 1,5 միլիոն դոլար արժեքով երկու հողամաս Կառավարության նախորդ նիստում կայացված որոշմամբ ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախորդ շաբաթվա նիստում ընդունված որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացվեցին մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մոտ 1 հա մակերեսով «անտառային» նշանակության և նույն տարածքում գտնվող մեկ այլ՝ 661 հազար ԱՄՆ դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով «անտառային» նշանակության հողամասերը:
Հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներով՝ բավարարվել էին Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցերը, որոնցով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձանց միջև 2005 թվականի մայիսի 2-ին և 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Անդրադառնալով վերջին երկու ամիսների ընթացքում համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում կատարված աշխատանքին՝ նշեմ, որ Իջևան և Դիլիջան համայնքներին են վերադարձվել Խաշթառակում և Դիլիջանում գտնվող երկու մանկապարտեզների մասնաշենքերը: Մասնավորապես՝
Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ մանկապարտեզի մասնաշենքը տարեկան 165 հազար դրամ վարձավճարով (ամսական՝ 13 հազար 750 դրամ), 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել ֆիզիկական անձի:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով՝ վարձակալության հանձնված վերոնշյալ անշարժ գույքը չի ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ծրագրում:
Արդյունքում՝ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզն ամբողջությամբ չի հիմնանորոգվել:
Տավուշի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու և մանկապարտեզի մասնաշենքը հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառելու վերաբերյալ:
Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել է. Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի՝ 198.45 քմ մակերեսով մասնաշենքը:
Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 44 միլիոն 121 հազար դրամ է:
Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը ևս վերադարձվել է Դիլիջան համայնքին: Վերադարձնելու հարցին Կառավարության հերթական նիստերից մեկի ժամանակ Դուք անդրադարձ կատարել եք, պարոն Վարչապետ։ Միայն հավելեմ, որ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 85 միլիոն 935 հազար դրամ է:
2025 թվականի մայիսի 12-ին Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ շուրջ 321 հազար դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6,5 հա մակերեսով մարզադաշտի նկատմամբ:
