Ընկերություններից մեկը Հայաստանին շուրջ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա կնվիրի. որոշման նախագիծն ընդունվել է
Գործարար Դավիթ Գալստյանին պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է կնվիրի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության՝ հունիսի 5-ի նիստում։
««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար յոթը հարյուր վաթսունյոթ ՀՀ դրամ) ՀՀ դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման տեքստում։
Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։
Նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։
