Ալեն Սիմոնյանը դիմավորել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին (լուսանկարներ)
Ինչպես հայտնել ենք, ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, անձամբ է դիմավորել նրան ու իր էջում լուսանկարներ հրապարակել դիմավորման արարողությունից:

«Դիմավորեցի պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին»,- նկարներին կից գրել է նա:
Հիշեցնենք՝ այցի շրջանակներում նախատեսվում են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ:
Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը նաև կբացեն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։
Հիմնական թեման է՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»։
Նույն օրը Դաշնության խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-Հայկական միջտարածաշրջանային տասներորդ ֆորումին։ Լիագումար նիստում նախատեսված է Դաշնության հիմնադիր կազմավորումների մի շարք ղեկավարների ելույթը։
