Միրզոյան. «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»

«Այն, ինչ լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը», — այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։

Բաքուն ամենաբարձր մակարդակով պարբերաբար խոսում է այս մասին։

Անցած ամիս նախագահ Ալիևը կրկին հայտարարել էր՝ «Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը»։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի [«Արևմտյան Ադրբեջանի»] համայնքի ներկայացուցիչներին», — ասել էր Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ալիևը պնդել էր, թե Բաքուն այս հարցն արդեն իսկ ընդգրկել է իր օրակարգում և դրանից հրաժարվելու մտադրություն չունի։ «Այս խնդիրն Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձն իրականություն չի դարձել։

Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նաև անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն», — հայտարարել էր նա։

Արարատ Միրզոյանը, այսօր արձագանքելով այս հայտարարություններին, ասաց, թե «այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից օրակարգում չկա և չի քննարկվում»։

You may also like...