Քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։
Հյուսիսային ենթահատվածի կառուցման նպատակով վարկային համաձայնագիր է կնքվել նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Այս հատվածի կառուցման համար ֆինանսական ներդրում կկատարի նաև ՀՀ կառավարությունը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, ողջունելով առաքելության անդամներին, կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և այն ծրագիրը, որ համատեղ պետք է իրականացվի։
Նա ընդգծել է, որ Ճանապարհային դեպարտամենտն ԱԶԲ-ի հետ ունի բազմամյա համագործակցության փորձ, և այդ փորձը հիմք է տալիս ասելու, որ ապագա գործակցությունը նույնպես պսակվելու է հաջողությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ծրագրի ֆինանսական պլանին‚ գնման գործընթացներին‚ շրջակա միջավայրի պահպանությանը‚ սոցիալական ազդեցություններին, ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմի կարողություններին։ Քննարկվող հարցերի նպատակն էր նվազեցնել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հետագա աշխատանքների ընթացքում։

Հունիսի 6-ին արդեն ԱԶԲ պատվիրակությունը Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ուսումնասիրելու Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի ծրագիծը, ինչպես նաև այլ հարցեր։
ԱԶԲ առաքելության շրջանակներում աշխատանքային քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 13-ը։
