Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, ըստ որի՝ ՀՀ-ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։
«Այդ կարգավորումները միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն։ Մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։
Չպետք է մոռանանք, որ իրավական պետություն ենք, և այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում. դա ևս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր քննարկվում են»։
Նախարարը նաև անդրադարձել է վարչապետի օգտագործած բառամթերքին:
«Կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ խնդիր չկա։
Մենք այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ Եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոշակի կանոնների էլ պարտավոր են հետևել նաև պաշտոնյաները, քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»,- ասել է Գալյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 29-ի նիստին Փաշինյանը բարձրաձայնել էր, որ մի քանի եկեղեցիներ, տաճարներ է այցելել և սանիտարական վիճակի հետ կապված խնդիրներ է արձանագրել, ապա այդ համատեքստում հայտարարել էր՝ մեր որոշ եկեղեցիներ չուլանացված են:
