Ադրբեջանի սահմանի մոտ մոլորված անչափահաս տղաներն արդեն Հայաստանում են. ԱԱԾ
Սյունիքի մարզի Տեղ համայնքից Ադրբեջանի հետ ահմանային հատվածում մոլորված անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են:
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը փոխանցել է, որ դեպքը կեսգիշերն անց է տեղի ունեցել, երբ տղաները գնացել են ձիերին բերելու։ Ըստ Հովսեփյանի՝ նրանք տեղում մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանի տարածքում. արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։
Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
