Շեշտադրվել են թմրամիջոցի ներմուծման և արտադրության շղթաները, որպեսզի մանր չափի ապօրինի շրջանառությունը նվազի

Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ ռազմավարական ծրագիրն անդրադառնում է թե՛ մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե՛ նաև հանրային անվտանգությանը:
Ըստ նախարարի՝ առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից:

«ՀՀ-ի դեպքում, բնականաբար, տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը: Ունեցել ենք մտահոգիչ թվեր, և, ըստ այդմ, մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից։

Այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա և նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն:

Եվ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով և 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում: Բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից՝ այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի՝ հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը, հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել:

Թմրամիջոցների հետ կապված՝ վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ: Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ևս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձինք անցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձինք, որոնց հետ պետք է ճիշտ և գրագետ աշխատանք տարվի»,- նշել է նախարարը:

You may also like...