Մի շարք գերատեսչություններ ներկայացրել են 2024-ի եկամուտների և ծախսերի կատարողականները (լուսանկարներ)

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները:

Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին:

Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի պարզաբանմամբ դա կապված է եղել «Ռիելթերական գործունեության մասին» օրենքի նախագծի լրամշակման եւ քննարկումների հետ կապված ձգձգումներով:

Հաշվետու տարում կոմիտեն Ազգային ժողով է ներկայացրել 6 օրենքի նախագիծ, Կառավարության 18 որոշում, կոմիտեի ղեկավարի 5 հրամաններ են հաստատվել:

Կադաստրի կոմիտեի ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 4.5 մլրդ դրամ, կատարողականը՝ 96.2 տոկոս:

Կոմիտեի մատուցած ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8.7 մլրդ դրամ:

Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաեւ կառուցվածքային, էլեկտրոնային համակարգի բարեփոխումները:

Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ 2019 թվականին Կադաստրի կոմիտե հասցեագրված ամբողջական դիմումների մոտավորապես 3 տոկոսն է եղել էլեկտրոնային համակարգերի օգնությամբ, մինչդեռ 2024 թվականին 955.000 դիմումների 45 տոկոսը ստացվել է բացառապես այդ համակարգով: Թղթային տարբերակով միայն տրամադրվում է արխիվային գործից կնքված պատճենը:

Կարեւորվել է 2024 թվականի ավարտին «Անձնական գրասենյակ» ծառայության գործիքակազմի ներդրումը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի տեղեկացմամբ հաշվետու տարում կառույցի ընթացիկ ծախսերը ճշտված պլանով կազմել են 597 մլն 12 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 588 մլն 899 հազար դրամ: Կատարողականը կազմել է 98,6 տոկոս: Գումարի մեծ մասը հատկացվել է աշխատողների աշխատավարձին եւ դրան հավասարեցված վճարներին:

Մնացած մասը հատկացվել է ընթացիկ ծախսերին:

photo (3).jpg (242 KB)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի 2024 թվականի պետական բյուջեի հատկացումներն ու իրականացրած աշխատանքները:

ՀԾԿՀ-ին հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ծրագրի շրջանակում 2024 թվականին տրամադրվել է 1 մլրդ 117 մլն 300 հազար դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 90.9 տոկոսը:

Միջոցները հիմնականում ուղղվել են «Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման իրականացում» միջոցառմանը, որը կատարվել է 97.9 տոկոսով՝ պայմանավորված տնտեսումներով:

Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով հանձնաժողովը 2024 թվականին ապահովել է 1 մլրդ 466 մլն դրամի չափով պետական գույքերի հարկային եւ այլ եկամուտների մուտքեր ՀՀ պետական բյուջե:

photo (4).jpg (230 KB)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2024 թվականին 1 ծրագրի եւ 9 միջոցառումների իրականացման համար փաստացի ծախսել է 16,9 մլրդ դրամ:

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի խոսքով «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում եւ տեղայնացում» միջացառմանը հատկացվել է 273,1 մլն դրամ, կատարողականը կազմել է 81,4 տոկոս:

«Շենքերի եւ շինությունների մատչելիություն եւ անձնագրավորում» միջոցառմանն ուղղված ծախսերի համար հատկացվել է 75 մլն դրամ, որը կատարվել է 49,8 մլն դրամի չափով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորմամբ համակցված թղթերի մշակման համար հատկացված 298,5 մլն դրամն իրացվել է ամբողջությամբ:

«Արդեն Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներն ու բնակավայրերը միկրոռեգիոնալ տարածական պլանավորման թղթի շրջանակում ունեն իրենց գլխավոր հատակագծերը, բացառությամբ երկու բնակավայրի, որոնք հաստատման փուլում են գտնվում»,- ընդգծել է նա:

photo (5).jpg (224 KB)

Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովման միջոցառման շրջանակում 2024 թվականին իրականացվել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում նոր բնակելի թաղամասի եւ Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տների կառուցման աշխատանքներ:

You may also like...